Դիմակավորված անձանց ուղեկցությամբ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ բերվեց Նարեկ Կարապետյանը

Դիմակավորված անձանց ուղեկցությամբ քիչ առաջ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ բերվեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե երկար շարունակվի, ապա կխաթարվի ՀԷՑ-ի աշխատանքը։

Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս այս պահին խուզարկություն են իրականացնում: Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։

Այս առնչությամբ ՔԿ-ից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։