Չարի՛ք, քեզ քիչ ժամանակ է մնացել․ ԱԱԾ դիմակավորները Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին
Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանը դուրս եկավ իր կեցավայրից։
Կեցավայրի մոտ էին քաղաքական գործիչներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը, որոնք փորձեցին կանխել Սրբազանին բերման ենթարկելը։
Մինչ այդ իրավապահները Սրբազանի կեցավայրից մեքենա էին տեղափոխել տոպրակներով թղթեր, փաթեթներ։
«Ոչ մի բան, ոչ մի կալանք մեզ չի կարող մեր ճանապարհից դուրս բերել։ Չարի՛ք, լավ լսիր։ Ի՞նչ էլ սարքելու լինես, ինչ էլ ուզում ես անես, քեզ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի՛ր, կգա՛նք»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանին բերման ենթարկելուց հետո իրավապահները կնքել են նրա կեցավայրի դուռը։

Հիշեցնենք, որ իշխանական կայքում «հեղաշրջման պլան»-ի հրապարակումից հետո այսօր վաղ առավոտից խուզարկություններ են Երևանում և մարզերում՝ ընդդիմադիրների բնակարաններում։ Կան նաև ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ։
Ձերբակալել են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանին, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։
Բացի այդ, ՀՅԴ-ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, թե ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

