ԱՄՆ-ն և Չինաստանը Լոնդոնում վերսկսել են բանակցությունները
ԱՄՆ-ն և Չինաստանը հունիսի 10-ին Լոնդոնում սկսել են բանակցությունների երկրորդ օրը, որի ընթացքում կողմերը կփորձեն համաձայնության հասնել առևտրի հետ կապված տարաձայնությունների շուրջ։ Այս մասին հայտնում է interfax.ru-ը:
Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները փորձում են համաձայնության գալ առանցքային տեխնոլոգիական և արդյունաբերական ապրանքների արտահանման թույլտվության շուրջ և խուսափել առևտրային պատերազմի սրումից։
Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակեն կենտրոնանալ հազվագյուտ մետաղների և տեխնոլոգիաների շուրջ լարվածության մեղմացման վրա: Բանակցություններին ժամանելիս ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտարարել է, որ հանդիպումը «լավ է ընթանում», և այսօր ակնկալվում է քննարկումների հերթական լիարժեք օր ունենալ։
Հունիսի 9-ին փոխվարչապետ Հե Լիֆենգի գլխավորած չինական պատվիրակությունը, որի կազմում են նաև Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն և առևտրային բանակցող Լի Չենգանգը, Բուքինգհեմյան պալատի մոտ գտնվող Լանքասթեր Հաուսում շուրջ 6 ժամ շարունակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։
Հունիսի 9-ի երեկոյան լրագրողների հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, Թրամփը պատասխանել էր. «Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Չինաստանի հետ հեշտ չէ»։
ԱՄՆ ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել է, որ բանակցությունները, հավանաբար, կհանգեցնեն նրան, որ Պեկինը արագ արտահանման կթույլատրի հազվագյուտ մետաղներ, իսկ Վաշինգտոնը կհեշտացնի Չինաստանի հասանելիությունը կիսահաղորդիչներին։
Մայիսին Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։ Սակայն դրանից հետո կողմերը մեկը մյուսին մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։