Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ ուշագրավ դրվագ է եղել
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել:
«Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել:
Ինչո՞վ է այս հանգամանքը ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ:
Ավելին, կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ, իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ, որոնք կապված են «դատավարության» տարբեր հանգամանքներին, չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, իսկ որոշ դեպքերում` իրենց հնչեցվածի ճիշտ հակառակ ձևով է տրված:
Կարծում եմ, որ այդ կեղծիքն արձանագրելու համար Դավիթ Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` այդ կեղծիքները վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է:
Ինչևէ, մեր հայրենակիցները ծանր իրավիճակում իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում շարունակում են:
Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին»:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։