Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում

«Հետք»-ի տեղեկացմամբ, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։

Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրեց նիստը ընդմիջել 10 րոպեով։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում սկսվեց դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարեց՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։

Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասացին, որ տեսել են՝ ինչպես են դատավոր Արտուշ Գաբրիելյանին տանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։