Այսօր հայ մեծանուն գիտնական Ռուբեն Օրբելու 145-ամյակն է
1880թ. ապրիլի 23-ին ծնվել է Օրբելի եղբայրներից ավագը՝ Ռուբեն Օրբելին։
Հետաքրքիր փաստեր մեծանուն գիտնականի վերաբերյալ
Օրբելի եղբայրներից ավագը` Ռուբեն Օրբելին համարվում է ԽՍՀ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը, որը բերել է նրան համաշխարհային ճանաչում։
Ռուբեն Օրբելին համարվում է տեխնիկայի պատմության և գիտության նոր ճյուղի` հիդրոհնագիտության խոշորագույն մասնագետներից մեկը։
Ոսկե մեդալով է ավարտել Թիֆլիսի 3-րդ արական գիմնազիան։
Իր առաջին մասնագիտությամբ եղել է իրավաբան։
1908թ. ամուսնացել է կայսերական լիցեյի տեսուչ Վ. Վ. Նիկոլսկու դստեր` Օլգա Նիկոլսկայայի հետ։ Ազգային և կրոնական դավանանքի տարբերությունների պատճառով երիտասարդների ծնողները դեմ էին այդ ամուսնությանը, սակայն ի վերջո տալիս են իրենց համաձայնությունը։
1918թ. Ռ. Օրբելին ընտանիքով տեղափոխվել է Տամբով։ Տամբովի պետական ինստիտուտում դասավանդել է իրավունք և փիլիսոփայություն։
1921թ. աշխատանքի է անցել Ռուսաստանի ԳԱ֊ի գրադարանում։
Ջրասուզակային գործի պատմության ուսումնասիրմամբ նա զբաղվել է ընդամենը 8 տարի։
Տիրապետել է 12 լեզուների` լատիներեն, հունարեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն, վրացերեն, հայերեն։
Ուսումնասիրել է հանճարեղ մտածող և նկարիչ Լեոնարդո դա Վինչիի բնագրերը։ Վերծանել է նրա ձեռագրերը խոշորացույցի և հայելու օգնությամբ և բացահայտել, որ հենց Լեոնարդո դա Վինչին հանդիսանում է նաև ջրասուզակային գործի գյուտարարը։
1937թ. Ռուբեն Օրբելին Բուգ գետի հունի մեջ` Սաբոտինովկա գյուղի մոտ, ջրից դուրս բերեց կաղնու միակտոր փայտից պատրաստված մակույկը, որը 2500 տարուց ավելի գտնվել էր ջրի հատակում։
Հնագույն ջրային փոխադրամիջոցի բնօրինակը`միակտոր մակույկը, տեղափոխվել է Լենինգրադ քաղաքի Կենտրոնական Ռազմածովային թանգարան։

