Բացի հանրային ճնշումներից այլ կերպ չենք կարող ազդել Հայաստանի կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)

«Արցախցիների բռնի տեղահանումից հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Հայաստանի կառավարությունը»,-Արցախի Հանրապետության ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներին արձագանքեց Արցախի նախագահ Սամվել  Շահրամանյանը։

Նա նշեց, որ Արցախի վտարանդի կառավարությունն այդ որոշումները մշակելու, հաստատելու լիազորություններ չունի։

Շահրամանյանն ասաց, թե փորձել են ՀՀ կառավարությանը հասցնել, որ ժողվուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և եթե դադարեցվի 50 հազարական դրամների տրամադրումը, ապա ժողովուրդը կհայտնվի փողոցում։

Նա նշեց, որ այդ հարցերի շուրջ համագործակցում են Ազատության հրապարակում հավաքից հետո ձևավորված Արցախցիների իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ։

«Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձևով ազդել Հայաստանի կառավարության որոշումների վրա, բացի հանրային ճնշումներից՝ հնարավորություն չեմ տեսնում»,- ասաց Շահրամանյանը՝ հաստատելով, որ կա արցախցու սոցիալական խնդիրը, բայց դրանց լուծման հնարավորությունն իրենք չունեն։

Անդրադառնալով թալանի թեմային, ինչը վերադարձնելու կարգախոսով հավաքվել են ցուցարարները՝ ԱՀ նախագահն ասաց. «Այսօր Ներդրումնային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը՝ այստեղ հավաքում գտնվողներդ, կարող է մոտ կես մլն դոլարի պարտք ունենաք հիմնադրամին, բայց եթե խոսում եք թալանի մասին՝ հենց դուք պետք է լինեք արդար»։

ԱՀ նախագահ Սամվել  Շահրամանյանի Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում