Թբիլիսիում նշել են ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպման նպատակները
Թբիլիսիում ընթանում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հանդիպումը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպման նախաձեռնողները եղել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես տեղեկացրել է գերատեսչությունը, հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, որից հետո այն շարունակվել է փակ ձևաչափով՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների մակարդակով։
«Հանդիպումը վարում են Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը և Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման հիմնական նպատակն է երեք երկրների կարծիքների փոխանակումը հնարավոր ուղղությունների վերաբերյալ, որոնք կարող են հիմք դնել եռակողմ համագործակցության գործընթացին։ Այս հանդիպումն ուղղված է ընդհանուր շահերի փոխանակմանը, որոնք հետագայում կնպաստեն երկրների միջև փոխշահավետ գործնական եռակողմ համագործակցության զարգացմանը, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանի բարեկեցությանը, կայունությանը և կայուն զարգացմանը։ Այսօրվա եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում առկա համագործակցության ձևաչափերից որևէ մեկին, այլ ներկայացնում է երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերը՝ կառուցողական և փոխշահավետ փոխգործակցություն ձևավորելու համար»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում։

