Ինչ-որ մեկը երգել է «Դոլյա վարավսկայա»-ն, սպեցնազը դուբինկայով խփել է, ասել՝ պետք է երգեք «Գասպադա օֆիցերին»․ ինչի՞ց է սկսվել ջարդը (տեսանյութ)
Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից և ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մեդիակենտրոնում կազմակերպված քննարկմանը պատմել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն, հասարակության հետ կապերի բաժին և հարցրել եմ՝ ի՞նչ է կատարվում հինգերորդ հարկում «Նուբարաշենի»։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ և ասել եմ, որ այսպիսի վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել և ես անմիջապես գրառում եմ արել: Դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մոտ է մտնում այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով»,- ասել է նա:
Իրավապաշտպանը նկարագրել է, թե ինչ է կատարվել խցերում․«Նախ խցերն ավերել են, ամեն ինչ թափել, շպրտել են սնունդը, հագուստեղենը և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են դուբինկաներով ծեծել»։
Ալեքսանյանի խոսքով, պատճառը զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Դոլյա վարավսկայա» («Доля воровская») երգի կատարումն է եղել: «Հենց դրանից հետո է եղել այս ամենը ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պիտի երգեք «Գասպադա օֆիցերի» («Господа офицеры») երգը։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մի քանի հոգու հետ եմ խոսել և, երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին:
Այդ սպեցնազ կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով, առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն-ազգանունը՝ Դավիթ Մինասյան։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն ո՞նց կարող են առևանգել, ո՞նց կարելի է, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց նա:
Ավելին՝ Մեդիակենտրոնի տեսանյութում
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ահազանգից հետո ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, թե թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին:
ՔԿԾ-ն այնուհետև պարզաբանում էր տարածել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ, նա տեղափոխվել էր այլ ՔԿՀ, ինչի հետևանքով սկսվել էին անհնազանդություններ:
Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»:

