Գաղափարական պատերազմը շարունակվում է…

Գարեգին Նժդեհի խոսքը էրդողանների, ալիևների և փաշինյանների համար, որոնք կարծում են, թե կկարողանան հայի մտքից, սրտից ու գիտակցությունից հանել Հայրենիքի նկատմամբ սերն ու այն ազատագրելու գաղափարը…

«Մի ժողովուրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ… Մնայուն Արդարութեան Օրէնքի ոյժով բռնագրաւուած երկրամասերը միշտ էլ, վաղ թէ ուշ, անցնում են իրենց պատմական տէրերի ձեռքը՝ պայմանաւ, որ այդ վերջինի մէջ ժամանակը տկարացրած չլինի սէրը, կարօտն ու պաշտամունքը դէպ Հայրենի Երկիրը:» (ՀԱՏԸՆՏԻՐ, 2006, էջ 90)։

«Հայրենի՛ք: Երկիւղած սէր եւ յարգանք դէպ մեր նախահայրերի յիշատակը, դէպ մեր կրօնը, որ ցեղի սիրտն է, դէպ մայրենի լեզուն, որ հայրենասիրութեան թթխմորն է, դէպ տոհմիկ գրականութիւնը եւ արւեստները, որ ցեղի մտքի եւ հոգու կեանքն են, ազգային պատմութիւնը, որ «ցեղի հոգին ամրացնելու ճիգերի պատմութիւնն է», իրար յաջորդող սերունդների հայրենի հողի վրայ թափած քրտինքն ու արիւնը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դէպ Անիի աւերակներն ու Հայկայ եռաթեւ աղեղը, դէպ մեր հեթանոս աստւածներն ու փառատաճարները, անսասան հաւատը դէպ մեր մեծ յոյսը… Գումարի՛ր, ընթերցո՛ղ, գումարի՛ր այդ բոլորը եւ կը ստացւի հոգեւոր Հայրենիքը:

Նւաճելի է նիւթական Հայրենիքը, հոգեւորը՝ գրեթէ ոչ:

Երբ կորցնելով իրենց անկախութիւնը, շատ անգամ՝ եւ հայրենի երկիրը, ժողովուրդները կը շարունակեն իրենց հոգու մէջ ապրեցնել աննիւթեղէն, միստիկ Հայրենիքը – նրանց աշխարհագրական Հայրենիքը երկար չի մնար օտարների ձեռքին:

Երբ թրքութիւնն այսօր կաշւից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքերն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նորա անյատակ տգիտութեան վրայ եւ հարց տալիս. – Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական յիշողութիւնը: – Ո՛չ,- նրա փոխարէն պատասխանում է իրականութիւնը: Ասել է՝ իմ երկիրը ժամանակաւորապէս մնալով օտար լծի տակ, չի կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղայ խուժը, որ թրքութիւն կը կոչւի, ոչինչ ունի տւած այդ երկրին – ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում… այն ամէնը,որ աննիւթեղէն Հայրենիքը կը ստեղծէ»:

(ՀԱՏԸՆՏԻՐ, 2006, էջ 115)։

«Յաճախ վիրաւոր, բայց հոգեպէս անպարտելի – միայն նման ժողովուրդներն են յաջողում պատմութեան մէջ:

Յաջողում են նրանք, որոնք ծանօթ չեն յուսահատութիւն կոչւած տկարութեան: Իսկ չեն յուսահատւում ժողովուրդները, որովհետեւ մարդկութեան ընտանիքի բոլոր անդամները, մեր մտաւորականութեան որոշ մասից զատ, գիտեն, որ մէկի հայրենի հողը չի կարող միւսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա, Յաւիտենական Արդարութեան Օրէնքի ոյժով, վաղ թէ ուշ, վերադարձւում է իր տէրերին, եթէ այդ վերջինների մէջ չի նւազել սէրը դէպ հարազատ երկրամասը»։

(ՀԱՏԸՆՏԻՐ, 2006, էջ 124)։

Ճշմարտության Մարտիկ

Հրայր Ուլուբաբյանի ֆեյսբուքյան էջից