Մեքքայի համաձայնագրի կողմերը հրատապ հանդիպում են հրավիրել
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանական համաձայնագրի շրջանակում կանցկացնեն բարձր մակարդակի հրատապ հանդիպում՝ քննարկելու Էր Ռիադին աջակցելու ուղիները՝ եմենցի հութիների հարձակումների ֆոնին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում հավաքական պաշտպանության հարցը՝ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների հարձակումների ֆոնին։
Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ կարող է օգնել բավարարել Էր Ռիադի ռազմական կարիքները, եթե նման անհրաժեշտություն լինի։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը կմասնակցի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Նա կհանդիպի իր սաուդցի և պակիստանցի պաշտոնակիցների հետ։
Առաջիկա հանդիպման մասին հայտարարությանը նախորդել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարի հանդիպումը. երեք երկրներն օգոստոսին ստորագրել էին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։
Սաուդյան Արաբիան, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, սեպտեմբերի 24-ին հայտնել է հութիների կողմից արձակված բալիստիկ հրթիռները խոցելու մասին։
Ըստ France 24 պարբերականի՝ Եմենի կառավարության ներկայացուցիչները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում երկրների առաջնորդներին կոչ են արել օգնել իրենց հութի ապստամբների դեմ պայքարում՝ նշելով, որ նրանց դիրքերի ամրապնդումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում համաշխարհային տնտեսական վտանգ է ներկայացնում։

