Խաղաղությունը ձեր գլուխներում է, իսկ Ալիևի՞ գլխում
Ուրիշ ինչպե՞ս Բաքուն հայերիս հասկացնի, որ իրենց համար Հայաստանի հետ «խաղաղությունը» հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանն ամբողջությամբ ադրբեջանական բռնակալի ոտքերի տակ դնեն։ Այն բանից հետո, երբ Բաքվի հրահանգով հայտարարվեց խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելու մասին, երբ Փաշինյանը մի քանի անգամ ասաց, որ այս իսկ պահին պատրաստ է ստորագրել այդ թուղթը, Ադրբեջանը նորից անցավ հրադադարի սահմանային խախտման իր գործելաոճին, որից ամենևին էլ խաղաղության ձգտման հոտ չի գալիս։ Սա նշանակում է, որ Ալիևը ջարդուխուրդ է անում Փաշինյանի խաղաղության օրակարգը՝ հստակ հասկացնելով, որ այդ օրակարգի հետ ինքը որևէ առնչություն չունի, և խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի ծրագրի տակ չի ստորագրել։ Այլապես ինչպես բացատրել Ադրբեջանի կողմից վերջին հինգ-վեց օրերին ճակատի տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմի խախտման հանդգնությունը։ Ինչին, ի դեպ, հայկական կողմը անհամարժեք է արձագանքում։ Անգամ մեր ՊՆ-ը նախընտրությամբ է հաղորդագրություններ տալիս այդ խախտումների մասին՝ նշելով, թե միայն «վտանգավոր կրակոցներին» են արձագանքում։ Դե արձագանքելն էլ՝ միայն գրավոր ձևով ու զուտ տեղեկատվական բնույթի։
Իսկ ի՞նչ է մտածում Փաշինյանի հակահայկական գործունեությունը լեգիտիմացնող այս հավաքական թիմը Բաքվի քայլերի մասին։ Արդյո՞ք հակառակորդի (թեև իրենց համար Ադրբեջանը հակառակորդ չէ, այլ կառուցողական գործընկեր) սանձարձակությունն ամենևին չի մտահոգում իրենց հատկապես այս օրերին, երբ իրենց թվում է՝ այնքան մոտ են բաղձալի խաղաղության փաստաթղթի ստորագրմանը։ Մեծ արկածախնդիրը դեռ որևէ կերպ չի արձագանքել դրան։ Բայց ահա նրա ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների մտահոգիչ հարցերին ի պատասխան՝ ասաց, որ Ադրբեջանի նման վարքագիծը նորություն չէ իրենց համար, և երբ հայկական կողմը փոքր-ինչ հաջողություն է արձանագրել իր նախաձեռնություններում, Ադրբեջանը գնացել է սադրանքների․ «Միշտ երբ ունեցել ենք մի քայլ առաջ, այն կողմից եղել են սադրանքներ, բարդություններ, երբեմն դիտվում էր երկու քայլ հետ։ Մյուս կողմից արդեն 58 երկիր ողջունել է այդ գործընթացը (նկատի ունի խաղաղության համաձայնագրի ամբողջացումը)՝ նշելով Հայաստանի կարևորությունը այդ գործընթացքում, նաև տասը միջազգային կազմակերպություններ են ողջունել։ Շարունակում ենք հայության օրակարգը՝ աշխատել միջազգային գործընկերների հետ»։ Փոխարտգործնախարարի ասածն առնվազն ծիծաղելի է, քանի որ հայտնի է՝ խաղաղության համաձայնագրի ամբողջ գործընթացը նախատեսում է երրորդ կողմերի, միջնորդների բացառում։ Հետևաբար միջազգային հանրությանը հղում անելով՝ Պարույր Հովհաննիսյանը ո՞ւմ է ուզում մոլորեցնել։ Այդ միջազգային հանրությունը, այո, ողջունելուց, գլուխ շոյելուց բացի որևէ ձևով չի կարող միջամտել համաձայնագրին, քանի որ իրավասություն չունի։ Եվ միջազգային գործընկերների հետ տվյալ դեպքում համագործակցությունը որևէ պտուղ չի կարող տալ։ Հայաստանի անելիքը Ադրբեջանի հետ է, և հենց Ադրբեջանին պետք է համոզի իր խաղաղության խաղի մեջ մտնել։ Պարոն Հովհաննիսյանն էլ նշում է, որ փաստորեն մի քանի տարի տևած բանակցությունները, քննարկումները, համաձայնությունները խաղաղություն հաստատելու շուրջ առ ոչինչ են, որովհետև Բաքուն շարունակում է հին ոճով գործել։ Այսինքն՝ Բաքվի համար ոչինչ չի փոխվել, և նա չի պատրաստվում սեղմել հայկական կողմից մեկնած ձեռքը, այլ մնում է նույն ագրեսիվ, առավելապաշտական պահանջներ ներկայացնող ու պատերազմով սպառնացող թշնամին, որի հետ խաղաղությունը հնարավոր է միայն ռազմական ուժով զսպելու միջոցով։
Բայց ՀՀ ներկայիս իշխանությունները ջայլամի քաղաքականությամբ են պատասխանում ադրբեջանական ագրեսիային՝ հանկարծ մի կծու արձագանք չլինի, հանկարծ մի փամփուշտ հայկական կողմից չկրակվի, հանկարծ Ալիևը չնեղսրտի, դա Փաշինյանը պատերազմի սադրանք է համարում։ Մյուս կողմից էլ քպ-ականները հայ ժողովրդին հուսադրում են ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությամբ, թե նրանք թույլ չեն տա Ադրբեջանը հատի կարմիր գծերը, և մեծ մասամբ նրանց են վերագրում Հայաստանի սահմանի հարաբերական անդորրը։ Չմոռանանք սակայն, որ այդ առաքելությունը գերարժևորելով, ՀՀ իշխանությունները, տվյալ դեպքում՝ վարչապետը, խաղաղության համաձայնագրի մեջ նաև նախատեսել է այդ առաքելության արտաքսում սահմանագծից, քանի որ Ալիևն այդպես է ցանկանում։ Նա ի սկզբանե դեմ էր սահմանին նման առաքելության գործունեությանը։ Եթե այս դեպքում ԵՄ առաքելությունը, ըստ քպ-ականների, պատերազմները կանխելու միակ երաշիքն է, ապա ի՞նչ վստահությամբ է Փաշինյանը համաձայնել այդ առաքելությունից հրաժարվելու ալիևյան պահանջին։ Փոխարտգործնախարարը միամտությամբ կամ հանրությանը միամիտի տեղ դնելով՝ լրագրողների հետ զրույցում համոզում էր՝ եթե ի վերջո Ադրբեջանը համաձայնի խաղաղության համաձայնագրին օրինական ուժ տալ ու իր ստորագրությունը դնել այնտեղ, ապա սահմանագծին երրորդ կողմի ներկայության անհրաժեշտություն չի լինի։ Հետաքրքիր է, այսքանից հետո իրո՞ք այս իշխանավորները հավատում են, որ Ադրբեջանը երբևէ կարող է հաշտ ու համերաշխ ապրել Հայաստանի հետ ու զերծ մնալ Հայաստանին հպատակեցնելու նկրտումներից։ Թե՞ իրենց սուպերհերոսների դերում են զգում՝ հավատալով, որ կհասնեն իրենց նպատակին մեծ ցանկության դեպքում։ Փաշինյանը չէ՞ր, որ մեզ համոզում եր, թե աղքատությունը մեր գլուխներում է ու պետք է հանել։ Հիմա էլ իրենք իրենց թիմով համոզում են իրենց, թե խաղաղությունն իրենց գլուխներում է ու կարող են դրան հասնել մտքի ուժով։
Թագուհի Ասլանյան

