Թումանյան փողոցից հեռացվել է 80 թեղի, փոխարենը տնկվել է 95 ցերցիս. Արմեն Բեգոյան
«Մարտի 20-ից Թումանյան փողոցում սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր, հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները»,-Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատում 7 շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի փողոցի 60 %-ի ծառերը արդեն փոխվել էին, և այս տարի իրականացվելու է մնացած հատվածը և Թումանյան փողոցը բերվելու է վերջնական տեսքի։
Բեգոյանը վստահեցրեց, որ փողոցից հեռացվել են բացառապես թեղի տեսակի ծառեր։
«Այս հատվածում փորձելու ենք պահպանել քիչ թե շատ վտանգավորության աստիճան չունեցող 30 թեղի, որը, ըստ մասնագետների, այս պահին չունեն տապալման վտանգ։ Ուստի փորձել ենք դրանք այս պահին պահպանել։ Քիմիական վերգետնյա և ստորգետնյա աշխատանքների արդյունքում կնայենք՝ հնարավոր կլինի՞ դրանք երկար ժամանակով պահել, թե դրանք էլ կփոխարինվեն հաջորդիվ 1-2 տարվա ընթացքում»,- ասաց Բեգոյանը։
Նա տեղեկացրեց, որ Թումանյան փողոցից հեռացվել է 80 թեղի, փոխարենը տնկվել է 95 ցերցիս տեսակի ծառ և լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ, որոնք տարիների ընթացքում տնտեսվարողների կողմից «զավթվել և փակվել էին»։