Ճաշասենյակում ՌԴ-ն և ԱՄՆ-ն են, հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է. Մեդվեդևը արձագանքել է Զելենսկու երեկվա հայտարարությանը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկվա հայտարարությանը, որ «Ուկրաինան աղցան կամ կոմպոտ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճաշացանկում լինի»: Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Մեդվեդևի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը «հաստատել է այն հայտնի միտքը, որ ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են»։
«Ճաշասենյակում միայն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն են, ճաշացանկում՝ թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ և կարտոֆիլ ֆրի, փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է: Բարի ախորժակ», – նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Մարտի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ էր արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Պուտինի «ճաշացանկում» է՝ ասելով, որ երկիրը ճաշատեսակ չէ։ Զելենսկին կարծում է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինայում խաղաղության մասին պայմանավորվածություններ ձեռք բերելը ոչ մեկի համար ցանկալի արդյունք չի ապահովի։