Իսահակյանական օրեր Լայպցիգում
Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ:
Հայկական տաղավարում կներկայացվեն ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերջին տարիներին հրատարակված հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրքերը, ինչպես նաև հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:
Տաղավարի աշխատանքներում առանձնակի կարևորությամբ կներկայացվի ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային» ծրագիրը: Հայաստանի և արտերկրի հրատարակիչների հետ իրականացվող այս ծրագրի շրջանակում նախարարությունը մասնակի դրամաշնորհ է տրամադրում արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք պատրաստ են իրենց երկրում հրատարակել հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի մեծապես միտված է նաև հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին, նրա ստեղծագործությունների տարածմանն ու հանրահռչակմանը:
ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։