Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»։ Թրամփը հրապարակումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համատեքստում, որը նախատեսված է մարտի 18-ին։
«Վաղն առավոտյան ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են, բայց դեռ շատ բան է մնացել: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլք սպանվում են։ Ամեն շաբաթ երկու կողմից էլ 2500 զինվոր է զոհվում, և սա պետք է ավարտվի հիմա: Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին», – գրել է նա։
Մի քանի ժամ առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնի Քենեդու կենտրոնում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները հասել են «շատ կրիտիկական փուլ»: Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ իշխանությունները կհամաձայնեն ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարին։ Ուկրաինայի իշխանությունները մարտի 11-ին համաձայնել են ամերիկյան վարչակազմի առաջարկին։

