Հպանցիկ անդրադարձ Քոչարյանին
Տիգրան, զարմանում եմ բուռն արձագանքիդ համար, թերևս հասկանում եմ քեզ․ դեռ ջահել ես, անփորձ ու պարզունակ։ Ես իմ ելույթում քեզ առանձնապես չեմ անդրադարձել, անուն ազգանունդ երկու անգամ հնչեցրել եմ որպես տարանջատման ջատագով, մնացած մտքերը քեզ ուղղված չէին (համարենք դա հայերենին լավ չտիրապետելու արդյունք)։
Տրանսգենդերի մասով՝ ուղղակի նայի կառուցվածքիդ և ամեն ինչ հասկանալի կլինի։
Վարձկանությունը կառուցվածքին համահունչ է։
Ես շեֆեր չեմ ունեցել, որ փոխեմ, շեֆ ասում եմ իմ բոլոր ընկերներին, աշխատակիցներին ու մտերիմներին։
Աշխատել եմ Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ, Արցախի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հետ ու հպարտ եմ դրա համար՝ անկախ իմ վերաբերմունքից նրանց նկատմամբ կամ հակառակը։
Այնպես որ, տվայտվել պետք չի, իսկ այժմ՝ ինչո՞ւ եմ ատում տարանջատվողներին։
Արցախյան շարժումը սկսվեց որպես միացման և միասնականության շարժում և բերեց մեծագույն հաղթանակների։ Ցավոք, միացման ու միասնականության շարժմանը համընթաց սկսեց ծիլ տալ տարանջատումների ողբերգական շղթան։
Թարմացնեմ հիշողությունդ (չնայած, որ չես հիշի տարիքի պատճառով)։
Առաջին տարանջատումը՝ Արցախը պիտի գնա այլ ուղով, ոչ թե միացման, այլ տարանջատման(1991թ․)։
Երկրորդը՝ պետք էր տարանջատվել Դաշնակցությունից, հետո Արթուր Մկրտչյանից, հետո Գեորգի Պետրոսյանից, հետո Սերժ Սարգսյանից, հետո Արցախից, հետո Սամվել Բաբայանից, հետո Լևոն Տեր-Պետրոսյանից, հետո Վազգեն Սարգսյանից ու Կարեն Դեմիրճյանից, հետո նորից Սերժ Սարգսյանից, հետո բոլորից ու հիմա էլ նորից Սերժ Սարգսյանից։
Տիգրա՛ն, գիտեմ, շատ բարդ է տողատակերը հասկանալ, ուղղակի կան մարդիկ, ովքեր բարությունը, ընկերությունը, նվիրումը չեն հասկանում, չեն գնահատում, ովքեր ճակատագրի խինդը համարում են իրենց արժանիք, ովքեր միանում են հանուն իրենց շահերի ու երբ ճակատագրի հեգնանքով հնարավորություն են ստանում՝ տարանջատվում են, ավելի ճիշտ՝ նրանք միշտ տարանջատված են, ուղղակի դա հրաշալի կարողանում են քողարկել մինչև պատեհ պահը։
Հիշի՛ր Տիգրան, կգա մի օր, երբ դու էլ իրենց շահի տեսանկյունից այլևս պետք չես լինի ու քեզանից էլ կտարանջատվեն։
Չնայած դու առաձնապես․․․ոչ մեկին էլ պետք չես։