Եղիշե Չարենց-128
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919 թ․
Կարինե Քոթանճյանի հուշերը բանաստեղծի մասին
Կարինեի վկայությամբ նրանք ծանոթացել են Կարսում՝ այգում, որտեղ Չարենցը գիրք էր կարդում․
«1914 թ․ հունիսին էր․ ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով, բաց շականակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու։ Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան․․․ Զբոսնելիս մի երկու օր անընդհատ ես հետևում էի տղային և այն եզրակացության եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ․․․ Ձեռքս մեկնելով՝ առաջարկեցի նրան ծանոթներ լինել։ Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց տեղում, արժանապատվությամբ բարձրացավ և մենք ծանոթացանք», -հիշում է Կարինեն։
Նրանք մտերմանում են, սակայն սկսվում է Առաջին աշխարհամարտը։ Չարենցը միանում է կամավորական բանակին, իսկ Կարինեն՝ 1915 թ․ Էջմիածնում մասնակցում է Եղեռնից փրկված որբերի օգնության գործին, սակայն հիվանդանում է և տեղափոխվում Մոսկվա՝ բուժման։ Կարս վերադառնալուց հետ, կրկին հանդիպում է Եղիշե Չարենցին և նրան հորդորում տեղափոխվել Մոսկվա և ընդունվել Շանյավսկու անվան համալսարան։ Նրանց մտերմությունը շարունակվում է Մոսկվայում։
Բանաստեղծի ու Կարինեի հարաբերությունների արձագանքները կարելի է տեսնել Կարինեին ձոնված «Ծիածան» շարքում, «Հեռացումի խոսքեր», «Կարինե Քոթանճյանին» գործերում և, իհարկե, «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ։