Դատարանը մերժել է Էդգար Ղազարյանի գործով նիստը դռնբաց անել. փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով»,- հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընդմիջմանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «5 իրավապաշտպանների նախաձեռնության» փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ իրենք հիմնավորել են՝ նախաքննական գաղտնիք որպես այդպիսին չկա, բոլոր գործողությունները, որոնք մեղսագրվում են Ղազարյանին, հրապարակային են տեղի ունեցել՝ ֆեյսբուքյան գրառում կամ հարցազրույցի ընթացքում արված հայտարարություններ, արտահայտություններ, բայց դատարանը այս որոշումն ընդունեց։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ դատավորներին արատավորել իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում:
Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցը քննում է դատավորը Գարիկ Աբելյանը։
Էդգար Ղազարյանի համակիրները, լրագրողները դրսում սպասում են նիստի ավարտին։




