Թեև «նևրոզ» հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, մեծամասնությունը չի դիմում մասնագետի. խորհուրդներ բժշկից

Նևրոտիկ խանգարումները հանրության մեջ առավել ընդունված է անվանել «նևրոզ»։

Դրանք սովորաբար զարգանում են սթրեսային կամ հոգետրավմատիկ իրադարձությունների հետևանքով․ առիթ կարող են դառնալ կյանքի ամենատարբեր իրավիճակները` ընտանեկան կամ աշխատանքային կոնֆլիկտներից մինչև կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ, միջանձնային բարդ փոխհարաբերություններից մինչև հարազատի կորուստ և այլն։

Թեև նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, սակայն մեծամասնությունը չի դիմում մասնագիտական բուժօգնության։

Որոնք են հիմնական ախտանիշները․

  • վախ, տագնապ, խուճապի հաճախակի զգացողություն
  • կպչուն մտքեր, կպչուն վախեր կամ հիշողություններ
  • հյուծվելիություն՝ ընդհուպ քրոնիկական հոգնածության վիճակի հասնող
  • դյուրագրգռություն
  • հուզական անկայունություն (հույզերի զսպման անհնարինություն)
  • ճանաչողական խնդիրներ (հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ, նոր նյութ յուրացնելու դժվարություն)
  • դժվարություններ սոցիալական շփումներում
  • քնի խանգարումներ
  • ցածր ինքնագնահատական:

Գրեթե միշտ նևորտիկ խանգարումներն ուղեկցվում են մարմնական կամ վեգետատիվ ախտանիշներով․

  • գլխացավ, գլխապտույտ, ականջներում խշշոց, հավասարակշռության խանգարումներ
  • սրտխփոց, կրծքավանդակի շրջանում սեղմող ցավ
  • զարկերակային ճնշման տատանումներ (հաճախ զարկերակային ճնշման բարձրացում)
  • հևոց, օդի պակասի զգացողություն, կոկորդում օտար մարմնի զգացողություն
  • ցավեր առանց հստակ տեղակայման
  • թուլություն, գերքրտնություն, դող
  • սեռական թուլություն
  • հաճախամիզություն
  • մարսողական համակարգի խանգարումներ:

Առանձին դեպքերում անձի մոտ նշված ախտանիշներից կարող է դիտվել մեկը կամ մի քանիսը։

Չնայած նևրոտիկ խանգարումները վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար` դրանք բերում են կյանքի որակի անկման։

ժամանակին և համարժեք բուժման դեպքում նևրոտիկ խանգարումները լիովին ենթարկվում են առողջացման:

Խնդիրն անուշադրության մատնելու կամ ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում մեծանում է հիվանդության քրոնիկական ընթացքի ձևավորման հավանականությունը։

ԱՆ խորհրդատու հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով

Գևորգ Փաշիկյան