Ռուսաստանը խզել է Ազովի ծովում անվտանգության մասին պայմանագիրն Ուկրաինայի հետ

Ռուսաստանը դուրս է եկել Ազովի ծովում և Կերչի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու մասին Ուկրաինայի հետ համաձայնագրից։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանը հայտնվել է նախօրեին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դադարեցնել  համաձայնագրի (ստորագրված Մոսկվայում 2012թ. մարտի 20-ին) գործողությունը ՌԴ կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև Ազովի ծովում և Կերչի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման միջոցների մասին»,- նշվել է փաստաթղթում։

Իշխանությունները նաև հանձնարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ ուկրաինական կողմին ծանուցել որոշման մասին։

Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից 2012թ.։ Կողմերը պարտավորվել էին այդ թվում ապահովել ավտոմատ նույնականացման համակարգերիտվյալների փոխանակում՝ տարածաշրջանում բեռնափոխադրումները վերահսկելու համար: