Երևանի քաղաքապետարանից արձագանքել են Հաղթանակի թաղամասի բնակիչներին բողոքին

«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել»,- այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ արձագանքելով Հաղթանակ թաղամասի բնակիչների բողոքի ակցիային։

«Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,- նշել է Հայկ Կոստանյանը։

Այսօր Երևանի Հաղթանակ թաղամասում քաղաքացիները փակել էին ճանապարհը։ Բնակիչների խոսքով, արդեն մի քանի տարի է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել, մասնավորապես փոխել գյուղնշանակության հողերի կարգավիճակը։ Այսինքն, չեն կարողանում ձեռք բերել սեփականության վկայականներ և բնակիչները չեն կարողանում իրացնել իրենց սեփականության իրավունքը: Կարողանում են մշակել, իսկ վաճառել, օտարել, նվիրատվություն անել չեն կարող, պետք է նոր նմուշի վկայական: