Փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել

Փաստաբանները գործադուլ են հայտարարել, որին միացել են գրեթե բոլորը: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը:

«Գործադուլ հայտարարված է բոլորի համար, որին միացել են գրեթե բոլորը: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլին:

Խոսնակը նշել է, որ այս պահին փաստաբանների ընդհանուր ժողովն է ընթանում, ապա կլինի մամուլի ասուլիս:

Հիշեցնենք, որ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։  Փաստաբանները հայտարարել էին, որ փոփոխությունները մի շարք խնդիրներ են առաջացնում ինչպես փաստաբանների, այնպես էլ փաստաբանական օգնության անհրաժեշտություն ունեցող անձանց համար։

Մասնավորապես, ըստ փաստաբանների, օրենքի կիրառությունը՝

– Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա.

– բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.

– շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.

– չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.

– հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը քսան 20 տոկոսով բարձր է.

– լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.

– սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով,

– խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ։