Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններին Փաշինյանը չվերընտրվի. Հովիկ Աղազարյան

Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա ՀՀ վարչապետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենց շատ հեղափոխական գաղափարներ, ցավոք սրտի, ՔՊ-ական իրենց ընկերների կողմից չեն ընդունվել և իրենք նոր կուսակցություն են ստեղծում այդ գաղափարները իրագործելու համար։

«Ես և պարոն Ասլանյանն ունենալով քիչ թե շատ քաղաքական փորձ՝ կարծում ենք, որ կարող ենք օգտակար լինել պետությանը և այն իրողություններում, որ մենք հայտնվել ենք, ձեզ տեղյակ հանգամանքների բերումով, մեզ դրդեց այս քայլին, որովհետև այլ ֆորմատ չկարողացանք գտնել, նպատակահարմար չէր այս կամ այն քաղաքական ուժին միանալ: Հիմա հնարավորություն կունենանք այս ձևով ներկայանալ ժողովրդին: Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա ՀՀ վարչապետ»,- ասաց նա:

Աղազարյանը հավելեց, որ իրենք ընտրությունների միջոցով են ուզում ներկայանալ ժողովրդին, փողոցային պայքար չի լինի:

Երևանում այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի է ունենում ԱԺ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հիմնած Միասնական ազգային սահմանադրական կուսակցության համագումարը: 

Աղազարյանը դեկտեմբերի 4-ին հեռացվել էր ՔՊ կուսակցությունից: Որպես Աղազարյանի հեռացման պատճառ՝ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։