ԿԳՄՍՆ-ը առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում գործում է 400 արվեստի, երաժշտական և մարզադպրոցներ, որտեղ կան 100 հազար սովորող։ «Առանձին լիազոր նորմով սահմանվելու է այդ արտադպրոցական հաստատություններում աշխատողների պաշտոնների անվանացանկերը և նկարագիրը։ Նաև տարաբնույթ ծրագրերի երաշխավորման կարգն է հաստատվում՝ դրա վերահսկողությունը դնելով ԿԳՄՍ նախարարության վրա»,-ասաց Անդրեասյանը և նշեց, որ օրինագծով նաև ֆինանսավորման ընթացակարգերն են սահմանվում։
Նրա խոսքով՝ լինելու է նաև ընդհանուր մոտեցումներ ընդունելության ուսումնական պլանների հաստատման և ավարտական քննությունների մասով։
«Երկրորդ հիմնական ուղղությունն այդ հաստատությունների հավաստագրման գործընթացն է»,-հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ նախագծով միասնականացվում է հավաստագրման համակարգը՝ կրթության կառավարման միասնական մոտեցումների տրամաբանությամբ։

