Թրամփն իր բանագնացին կարգադրել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտnւթյան ավարտին. Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին կարգադրել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության ավարտին. այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Wall Street Journal-ը։

«Նախագահ Թրամփը Քիթ Քելլոգին հանձնարարել է Ուկրաինայում պատերազմը հարյուր օրվա ընթացքում ավարտելու գործը»,- գրում է հրատարակությունը։

Այնուամենայնիվ, հոդվածում նշվում է, որ «գործնականում ոչ ոք» չի կարծում, որ նա կարող է դա անել։ Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար:

Միաժամանակ Թրամփը հույս էր հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Թրամփը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցություններ կազմակերպվելուն պես, որոնց նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ նրա, արդեն ընթանում են։

«Պուտինի հետ շատ լավ էի լեզու գտնում: Հուսով եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել», – ասել էր Թրամփը հնարավոր հանդիպման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Թրամփի, հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։