«Փաշինյանը կրակի հետ է խաղում, բայց շարունակում է հույսը դնել մի տեսակ ոսկե պարաշյուտի վրա, որն իրեն թույլ կտա հայտնվել Ամերիկայում». ռազմական փորձագետ Լեոնկով

Հուսալ, որ ԱՄՆ- ն անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի, ամենասխալ դիրքորոշումն է, որը կարող էր զբաղեցնել Նիկոլը

 

Հոկտեմբերի 8-ին «Այսօր էլ ՌԴ Անվտանգության խորհրդի զգուշացումը հրապարակվեց. Հայաստանում «Firebird AI» տվյալների կենտրոնը կարող է աշխատել ԱՄՆ-ի հետախուզության համար» վերտառության ներքո հրապարակված մեր հոդվածով  անդրադարձել էինք Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի տեղակալ Ալեքսեյ Շևցովի հայտարարությանը:

Անտեղյակ ընթերցողների համար նշենք, որ պարոն Շևցովի հայտարարությունը Հրազդանում «Firebird AI» ընկերության արհեստական բանականության տվյալների պահման, մշակման ու տարածման կենտրոնի աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի մասին էր: Նրա խոսքով՝ այդ օբյեկտը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի, Իրանի և հարևան պետությունների դեմ հետախուզություն իրականացնելու համար: Կարո՞ղ է օգտագործվել, թե արդեն օգտագործվել ու օգտագործվում է, և արդյո՞ք միայն արևմտյան հատուկ ծառայությունների կողմից, թե նաև ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի)… Սակայն մինչ այս հարցերին անդրադառնալը, մեջբերենք ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի հայտարարությունը.

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերի համար վերլուծական և հետախուզական աշխատանք կատարելու նպատակով, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի և Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- Շևցովի խոսքն էր մեջբերել ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Ալեքսեյ Շևցովն ուշադրություն էր հրավիրել ամերիկյան օրենսդրության հետ «Firebird»-ի իրավական կապի վրա, ինչն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս մուտք գործել ու հասանելիություն ունենալ բոլոր այն տվյալներին, որոնք անցնում են ընկերության սերվերների միջոցով:

«Դա նշանակում է, որ հայկական պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ- ին առանց հայկական իշխանությունների համաձայնության»,- ընդգծել էր Շևցովը:

Եթե նկատի ունենանք Ռուսաստանից ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի հայտնած տեղեկությունները , որոնք հրապարակվեցին այսօր կեսգիշերից քիչ հետո, իրավիճակը շատ ավելի լուրջ է և վտանգն ավելի մեծ, քան կարելի է պատկերացնել վերը շարադրվածից: Ըստ փորձագետի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կողմից Երևանի հասցեին կոշտ հռետորաբանությունը կապված է նաև Հրազդանում դատա-կենտրոնի (https://livenews.am/2026/428388/08/21/15/ ) հայտնվելու հետ, որի նախագծին մասնակցել են «Nvidia»-ն և Պենտագոնի կապալառուն: Նրա կարծիքով՝ դա կարող է վկայել օբյեկտի ռազմական նշանակության մասին։

«Բոլոր տվյալների կենտրոնները, որոնց նախագծերում հայտնվում է Պենտագոնը, ունեն ռազմական նշանակություն,- հայտարարել է Լեոնկովը։- Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Հրազդանի դատա-կենտրոնը մասնակցել է Իրանի դեմ ամերիկյան «Էպիկական կատաղություն» օդային գործողության տեղեկատվական ապահովմանը։ Այժմ այն ապահովում է Ռուսաստանի հարավային շրջանների վրա ուկրաինական անօդաչուների հարձակումների տեղեկատվական աշխատանքը»:

Հասկացա՞ք, թե սա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլի և իր ոհմակի, ինչպես նաև, ցավոք, Հայաստանի համար… Ռազմական փորձագետի խոսքով՝ Մոսկվան ճնշման լծակներ ունի։

«Դատա-կենտրոնի էներգամատակարարումը կախված է էլեկտրակայանից, որը 80 տոկոսով ապահովվում է ռուսական գազով,- հիշեցրել է փորձագետը։- Պատահական չէ, որ Եվրասիական տնտեսական միության հայտարարության մեջ նշված էր, որ Հայաստանն այժմ գազ կստանա առնվազն երեք անգամ ավելի թանկ»:

Նիկոլ հայադավը վտանգավոր խաղադրույք է կատարում Արևմուտքի վրա:

«Փաշինյանը կրակի հետ է խաղում, բայց շարունակում է հույսը դնել մի տեսակ ոսկե պարաշյուտի վրա, որն իրեն թույլ կտա հայտնվել Ամերիկայում,- հայտարարել է Լեոնկովը:- Հուսալ, որ ԱՄՆ- ն անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի, ամենասխալ դիրքորոշումն է, որը կարող էր զբաղեցնել Հայաստանի վարչապետը»։

Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնն ինքն է փակում իր ներկայությունը տարածաշրջաններում։

«ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից։ Ավելին. դեկտեմբերին կսկսվի ամերիկյան զորքերի դուրսբերումը Եվրոպայից։ Ո՞վ է պաշտպանելու Փաշինյանին, եթե արևմտյան ազդեցիկ պետությունները, հանուն որոնց նա Հայաստանը հեռացրեց Ռուսաստանից, նրան փաստացի թողնում են առանց աջակցության»,- հարցնում է Լեոնկովը:

Եվ հենց այստեղ է, որ պետք հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի կամ ինչի՞ մասին է ակնարկում Լեոնկովը՝ հարց տալով այն պաշտպանության մասին, որի կարիքն առաջիկայում ունենալու է Նիկոլը: Ումի՞ց և ինչի՞ց պաշտպանության… Թերևս ավելորդ չի լինի հիշել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից համեմատաբար վերջերս արված այն զգուշացումը, որ Հայաստանը նոր Ուկրաինայի վերածվելու ճանապարհին է: Հավելենք՝ դե, իհարկե, դրանից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով հանդերձ:

 

Արթուր Հովհաննիսյան