Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Կիսելյով
Ես չգիտեմ, թե «Շաբաթվա լուրեր» հաղորդման կոնկրետ որ հայտարարության համար է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ԱԳՆ։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ նշելով, թե այս պահին մեկնաբանելու ոչինչ չկա։
«Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- պատասխանել է Կիսելյովը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այսօր հայտարարել է, թե Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը։ «Օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են»,- նշել է ԲՏԱ նախարարը։

