Եվրոպայում և ԱՄՆ-ում ցանկացած գործողություն թույլատրելի և արդար էր, եթե շահույթ էր բերում. չին ժողովուրդը գրեթե ամբողջությամբ բարոյազրկված էր

Մինչև 1830-ական թվականները Չինաստանն ուներ բարենպաստ առևտրային հաշվեկշիռ։ Սակայն ափիոնն ամեն ինչ փոխեց։ Աճող մաքսանենգությունը հանգեցրեց Չինաստանի բացասական առևտրային հաշվեկշռի ձևավորմանը։ Մինչ չինացիները փորձում էին արագորեն կասեցնել ափիոնի անօրինական ներկրումն ու վաճառքը, Բրիտանիան ձգտում էր օրինականացնել այն և ուղի հարթել այլ ապրանքների առևտրի համար։

1840-1842 և 1856-1860 թվականներին Անգլիայի գլխավորությամբ Չինաստանի դեմ իրականացվեց էքսպանսիոնիստական երկու պատերազմ, որոնք ստացան առաջին և երկրորդ «ափիոնային պատերազմ» անվանումը։

Իսկ գիտե՞ք ինչու անվանվեց հենց «ափիոնային պատերազմ»:

Բրիտանական առևտրականների կողմից Չինաստանում ամենավաճառվող ապրանքը դարձավ ափիոնը։ 1835 թվականին ափիոնը կազմեց Չինաստանի ամբողջ ներմուծման շուրջ 3/4-ը: Ներկրված ափիոն էր օգտագործում ավելի քան 2 միլիոն մարդ։ 1838 թվականին ափիոնի վաճառքի ծավալը կազմեց 2000 տոննա: Տարբեր շերտերի և դասերի պատկանող միլիոնավոր չինացիներ գործածում էին այս թմրամիջոցը։ Ժամանակակիցների գնահատականներով թմրամոլ էին դարձել քաղաքային պաշտոնյաների 10-20%-ը և շրջանների պաշտոնյաների 20-30%-ը։ Զինվորների և սպաների շրջանում ափիոն ծխելը կործանարար չափերի էր հասել։

Չին ժողովուրդը գրեթե ամբողջությամբ բարոյազրկված էր։

Մեծ Բրիտանիայի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների սկզբում առևտրային հաշվեկշիռը զգալիորեն ուղղված էր դեպի չինական արտահանում։ Մինչ Եվրոպայում չինական ապրանքները համարվում էին էկզոտիկա և շքեղության նշան, Ցին դինաստիայի կայսրերի քաղաքականությունն ուղղված էր երկրի մեկուսացմանը, օտարերկրյա ազդեցության բացառմանը։ Այսպես, օտարերկրյա առևտրային նավերի համար բաց էր միայն մեկ նավահանգիստ, իսկ առևտրականներին արգելված էր ոչ միայն լքել նավահանգստի տարածքը, այլև չինարեն սովորել։ Չինաստանի կողմից առևտուր թույլատրվում էր միայն 12 առևտրականների համքարությանը։

Նմանատիպ պայմաններում եվրոպացի առևտրականները գրեթե հնարավորություն չունեին վաճառելու իրենց ապրանքները Չինաստանում, պահանջարկ ունեին միայն ռուսական մորթիները և իտալական ապակին։ Դա հարկադրում էր Անգլիային չինական ապրանքների անընդհատ աճող գնումների դիմաց վճարել թանկարժեք մետաղներով։ Փորձելով հավասարակշռություն հաստատել՝ Անգլիայի իշխանությունները չինացի կայսրերի մոտ առևտրային պատվիրակություններ էին ուղարկում, սակայն բանակցությունները երբեք հաջողությամբ չէին պսակվում։

Իրավիճակը լավ ներկայացնում են Ցյանլուն կայսեր խոսքերն ուղղված Գեորգ 3-րդի դեսպան լորդ Մաքքարթնիին(1793). «Մեզ ոչ ոք պետք չէ։ Վերադարձեք ձեզ մոտ։ Վերցրեք ձեր նվերները»։

19-րդ դարում, այնուամենայնիվ, ապրանքը, որը հետաքրքրեց Չինաստանին, գտնված էր․ դա ափիոնն էր։

Ափիոնային պատերազմները ոչ միայն չինական, այլև համաշխարհային պատմության ամենավառ դրվագներից են։ Հենց ափիոնային առաջին պատերազմն էր (1840-1842), որը սկիզբ դրեց նոր ժամանակների դարաշրջանին և Չինաստանի պատմության շրջադարձային փուլին:

Չնայած տեղի ունեցած իրադարձությունների վաղեմությանը, ափիոնային պատերազմների ուսումնասիրության խնդիրը շարունակում է արդիական մնալ ներկա փուլում: Ի վերջո, ժամանակակից չինացին հիշում է այս պատերազմը՝ այն համարելով ամոթալի և անարդար: Արևմուտքի նվաճողական քաղաքականությունը նույնիսկ մեր օրերում չին հասարակության  մոտ վիրավորանքի, անվստահության զգացում է առաջացնում կապիտալիստական Արևմուտքի նկատմամբ:

1945 թվականին պրոֆեսոր Ֆան Վեն-լանն իր գրքում գրել է. «Ներկայումս մենք ցավով և վրդովմունքով ենք հիշում այն տառապանքները, որոնք կրել են չին ժողովուրդը օտարերկրյա զավթիչների ճնշման տակ՝ կիսագաղութային, կիսաֆեոդալ հասարակության պայմաններում»։

Ժամանակակից փուլում ափիոնային պատերազմների խնդրի նկատմամբ այդքան մեծ հետաքրքրության պատճառները հասկանալու համար օգնում է «Ափիոնային պատերազմի գաղտնի պատմությունը» («The Opium Wars’s Secret History») հոդվածը, որը տպագրվել է The New York Times – ում 1997 թվականի հուլիսի 28-ին: Այն ասում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում Եվրոպայում և Ամերիկայում ցանկացած գործողություն համարվում էր թույլատրելի և արդար, եթե  շահույթ էր բերում: