Վրացական երազանքը» ընտրություններում օգտագործել է «հայկական կարուսելը». Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ի հարցազրույցում հայտնել է, թե մեղադրում է իշխանական կուսակցությանը ռուսական մեթոդների և ձևերի կիրառման, «ռուսական ոճով հատուկ գործողության» պլանավորման, ինչպես նաև այդ գործընթացում ՌԴ ԱԴԾ-ի հնարավոր օգնության համար, տեղեկացրել է SOVA-ն։
Զուրաբիշվիլին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծարարություն էին հմուտ միջոցների կիրառմամբ։
«Դրանք ներառում էին խախտումներ, այդ թվում մարդկանց վախեցնելը, ճնշում գործադրելը, այդ թվում՝ պետական ծառայությունից կախված մարդկանց վրա։ Նրանք այդ մարդկանց օգտագործել են նաեւ անցյալում, տարբեր շրջաններում, բայց այս անգամ դա տեղի ունեցավ՝ համադրելով նաև տեխնոլոգիաների օգտագործումը»,- ասել է նախագահը։
Հարցին, թե ինչ է նախագահը ենթադրում «տեխնոլոգիաների օգտագործում» ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է՝ «հայկական կարուսելը»։
«Հայկական կարուսել». մենք այստեղ դրան անվանում ենք «հայկական կարուսել», ես չգիտեմ, թե արդյո՞ք նրանք դրան անվանում են «վրացական կարուսել»։ Դա ենթադրում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են տարբեր պատրվակներով վերցնել անձը հաստատող վկայականները սոցիալապես չպաշտպանված մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից. ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու են անում դա։
Փաստացի, դրանք (փաստաթղթերը,-խմբ․) օգտագործվել են նույն մարդու կողմից քվեարկվելու համար։ Մի վկայականի և տարբեր էլեկտրոնային սարքերի օգնությամբ դա հնարավոր է եղել կատարել մոտ 17 անգամ։ Նրանք անձը հաստատող մեծ քանակությամբ վկայականներ կամ համարներ են ունեցել»,- ասել է պետության ղեկավարը։
Նշենք, որ Հունգարիան, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան շնորհավորել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, իսկ եվրոպացի և ամերիկացի գործընկերները կոչ են անում կառավարությանը՝ հետաքննել ընտրություններում հնարավոր խախտումները։

