Ղազախստանը հրաժարվել է մտնել ԲՐԻԿՍ
Ղազախստանն առայժմ չի նախատեսում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, թեև երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նման առաջարկներ ստացել է, TengriNews-ին ասել է պետության ղեկավարի խորհրդական և մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Ներկայում և ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ղազախստանը զերծ կմնա ԲՐԻԿՍ-ին հայտ ներկայացնելուց, այդ թվում անդամակցության մասին բազմաստիճան գործընթացի, ինչպես նաև այլ պահերի հաշվառմամբ՝ կապված այդ միավորման զարգացման հեռանկարների հետ»,- ասել է նա։
Ուալիի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկները դիտարկվել են պետության ղեկավարի կողմից «Ղազախստանի ազգային շահերի տեսակետից»։ Բայց Տոկաևն առայժմ առաջնահերթությունը տալիս է ՄԱԿ-ին՝ որպես «ունիվերսալ և անայլընտրանքային կազմակերպության, որտեղ կարելի է և պետք է քննարկել բոլոր հրատապ միջազգային խնդիրները», ավելացրել է նա։
Ղազախստանի նախագահը միաժամանակ հանդես է գալիս ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին՝ «ՄԱԿ անդամ պետությունների լայն խորհրդակցությունների հիման վրա և «միջին տերությունների» շահերի հաշվառմամբ», քանի որ, նրա կարծիքով, այդ մարմինը կորցրել է «կարևոր և բախտորոշ որոշումներ ընդունելու» ունակությունը, նշել է Ուալին։
Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, ապա Տոկաևը «հետևում է այդ միավորման էվոլյուցիային» և պատրաստվում է մասնակցել դաշինքի գագաթնաժողովին Ռուսաստանում, որտեղ նախատեսում է ելույթ ունենալ հոկտեմբերի 24-ին, «աուտրիչ» ձևաչափով ընդլայնված նիստում, որի թեման լինելու է Գլոբալ Հարավի երկրների հետ փոխգործակցությունը։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը կսկսվի Կազանում հոկտեմբերի 22-ին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հրավերներ են ուղարկվել 38 պետությունների։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 33 երկրներ։ Դրանցից 24-ը կներկայացվի առաջին անձանց մակարդակով։ Այդ թվում գագաթաժողովին մասնակցելու են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։
Միջոցառմանը կմասնակցեն նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը, ԱՊՀ, ԵԱՏՄ, Միութենական պետության գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Զարգացման նոր բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆը։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի է ունենալու 16-րդ անգամ։ Ընդլայնված կազմով այն տեղի կունենա առաջին անգամ։ Այս տարվանից հինգ հիմնական երկրներին (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միացել են ևս չորսը՝ Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն և Եթովպիան։ Սաուդյան Արաբիան առայժմ չի կողմնորոշվել դաշինքում իր կարգավիճակի հարցում։ Թագավորության թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանը չի ընդունել գագաթաժողով այցելելու հրավերը։ Նրա փոխարեն գալու է արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։

