Քյարամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների, սա իր դեբյուտն էր․ Անդրանիկ Քոչարյան
Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի երեկվա վարքագծին։ «ԱԺ-ն ամենաբարձր ներկայացուցչական մարմինն է: ԱԺ-ն հենց խոսելու տեղ է, որտեղ պետք է խոսել, լսել, բայց այնպես անել, որ անձնական հակադրությունների դաշտ չմտնենք»,-ասաց նա և հավելեց, որ ՔՊ խմբակցությունը դեռ չի քննարկել Քյարամյանի վարքը, բայց վստահություն հայտնեց, որ խմբակցությունն այս հարցերին անպայման անդրադարձ կունենա. «Ես չեմ կարող ասել՝ հետևանք կունենա, թե ոչ: Եթե դուք նայեք օրենքները, կտեսնեք, թե ինչ քննարկումներ կարող են լինել և որոշումները որտեղ են կայացվում»:
Ճշտող հարցին՝ դատապարտելի՞ է համարում Արգիշտի Քյարամյանի վարքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ընդհանրապես, նման կառույցի ղեկավարները բոլորը, հատկապես ուժայինները բարեվարքությունը պետք է պահեն: Վերջին հաշվով Աղազարյանը նաեւ տարիքով է մեծ: Դա նույն Աղազարյանն է, որ առավոտից իրիկուն մեզ էլ անհարմար վիճակների մեջ է դնում: Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը վերցնեինք, Աղազարյանին դանակահարեինք: Այդպես չի լինում: Պատգամավորն իր կարծիքն է հայտնել, երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման իր տղայի հետ կապված քրեական ինչ-որ հոդվածների լեզվով: Դա չի կարելի:
Քյարամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների, սա իր դեբյուտն էր, կարծում եմ՝ հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինի ԱԺ-ում շփումներին»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։

