Հայաստանում կա՞ն կվադրոբերներ․ Լավրովը Միրզոյանի հետ քննարկել է «գլխավոր» նորությունը (տեսանյութ)

Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է կվադրոբերների «խնդիրը»:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին բացատրել է, թե ովքեր են կվադրոբերները, ապա հետաքրքրվել, թե արդյո՞ք Հայաստանում կվադրոբերներ կան։

«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են շան պես չորեքթաթ»,-բացատրել է Լավրովը։
Նշենք, որ կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ կատվի, շան, աղվեսի և այլն։ Որպեսզի արտաքինով նման լինեն, հագնում են դիմակներ, ամրացնում պոչ ու հագուստի այլ տարրեր։

Կվադրոբերները միայն կոստյումներ չէ, որ կրում են: Նրանք կրկնօրինակում են կենդանիների սովորությունները՝ մռնչալ, հաչալ, վազել և չորեքթաթ շարժվել մաքուր օդում։

Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է ռուսական տելեգրամ ալիքներում։