Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում. Միրզոյան
Լավ նորությունն այն է, որ մեզ հաջողվեց, մենք ինչ-որ կերպ կարողացանք որոշակի հաջողություններ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Օրինակ, վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը, ընդունեցինք համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը: Այս հանձնաժողովներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս փաստաթղթում մեզ հաջողվեց համաձայնել, որ սահմանազատման գործընթացի հիմքում պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որն իսկապես մեծ ձեռքբերում է։
Մանրամասներով չծանրաբեռնելու համար միայն կասեմ, որ ի թիվս այլնի, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրում ասվում էր, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ հանդիսացող կողմերը, հիմնականում Խորհրդային Միության 15 հանրապետություններից 12-ը, ընդունել են այս փաստաթուղթը: Այսպիսով, ըստ այս փաստաթղթի, հանրապետությունները ճանաչում են, որ նախկին վարչական սահմանները մեր՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև այժմ դառնում են միջազգայնորեն ճանաչված, միջպետական սահմաններ: Սա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ, սահմանազատման շուրջ բանակցությունները սկսելիս ունենք ամուր հիմք:
Վատ նորությունն այն է, որ կան ևս մի քանի թեմաներ, որոնց շուրջ մենք բանակցում ենք, օրինակ՝ ավելի ընդգրկուն փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք հաշտության պայմանագրի տեքստը գրեթե ավարտել և վերջնական տեսքի ենք բերել, նախագիծը կա, բայց չենք ստորագրում։
Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել այս խաղաղության փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, և մենք տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը։
Այս անգամ ասում են, որ ավելի շատ բաներ կան, որ կարելի է համաձայնեցնել, բայց մենք կարծում ենք, որ աշխարհում չկա որևէ համաձայնագիր երկու երկրների միջև, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր ասպեկտները, բոլոր ոլորտները, մինչդեռ մենք կարող ենք ստորագրել այս շատ լուրջ փաստաթուղթը, ապա շարունակել բանակցել մնացած հարցերի շուրջ: Մենք չենք տեսնում այս քաղաքական կամքն ադրբեջանական կողմից»:

