2022-ի այս օրը․ Ադրբեջանի հերթական ագրեսիան ՀՀ-ի դեմ

2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։ 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավ արևելյան սահմանի երկայնքով․ հրետանային միջոցների և ԱԹՍ-ների կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ հասցրին ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև տնտեսական և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Թշնամին կրակ բացեց Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Երկու օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհվեցին 207 հայրենի պաշտպաններ, մեր բանակն ունեցավ 293 վիրավոր և ավելի քան 20 գերեվարված։

Պաշտոնական տվյալներով, ադրբեջանցիներն օկուպացրին 139 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածք։

Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվեց նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքեց այն։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով՝ ռազմական գործողությունների սկզբից Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվեցին առնվազն 2570 բնակիչներ։