Հայաստանը Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել․ Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում, բայց տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել։ Փաշինյանը նշեց, որ այդ մասին ասել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում։
«Բայց չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանք։ Եռակողմ բանակցությունները պետք է գնահատվի տվյալ իրադրության մեջ իր արդյունավետությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահին առաջարկել է դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում։
«Կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև այս պահի դրությամբ արդյունավետ է։ Երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որևէ այլ ձևաչափ, կարծում եմ, այն կարող է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում։ Ես պատրաստ եմ նման շփումների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ սահմանազատվող տարածքը
«Սահմանազատման հանձնաժողովները կորոշեն՝ ինչ հերթականությամբ են իրականացնելու գործընթացը։ Այս պահին որոշված չէ»։
Եռակողմ հայտարարություն
«Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների հարցը շրջանցում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, եթե եռակողմ հայտարարությունը խաղաղության գործընթացի հիմք են, ապա պետք է հենց առաջին կետից ուսումնասիրել, թե ով ինչ աշխատանք պիտի իրականացներ ու չի իրականացրել։
Նա նշեց, որ իրենց գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն իրենց շատ մտահոգում է, ամենօրյա աշխատանք են իրականացնում այդ ուղղությամբ. «Հասկանալի է, որ այդ աշխատանքը չի երևում, դա այդ աշխատանքի առանձնահատկութունն է»։
Նա նաև ասաց. «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել։ Ավելին, այդ որոշումից առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է Հայաստանում գործող հայտնի շրջանակների կողմից»։
Խոսելով արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ Փաշինյանն ասաց. «Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել հարցը, իրատեսական չեմ համարում։
Այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահին։ Ես Հայաստանի պետակա շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ։ Սա մենք պետք է ուղիղ ասենք։
Ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո՝ Լիսաբոնի գագաթաժողովից հետո, ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարցը, այլ եղել է ՀՀ պետականությունը զրոյացնելու հարցը, և ժամանակի մեջ ես դրանում ավելի եմ համոզվում»։
Բաքվում կայանալիք COP 29–ին մասնակցություն
«Մենք պատշաճ ժամանակում կկայացնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP 2»–ին, թե ոչ։ Պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»։
2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մասին
«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի։ Նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում»։
Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով. «Տարածաշրջանային կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` Ռուսաստանի մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։
Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին»։
Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են հենց վաղը բացել ավտոմոբիլային ճանապարհները։
Նա նաև հայտարարեց, որ եթե պաշտոնական Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի։
Հայաստանը Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել
«Հայաստանը Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել։ Օբյեկտիվորեն, պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա ներկայացմամբ՝ առաջարկի էությունը հետևյալն է․ «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։
Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները։
Այսպես թե այնպես, մենք, երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։
Առաջարկել ենք՝ ինչը համաձայնեցվածը է, ստորագրել, վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել։
Ենթադրվում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև, լրացուցիչ պլատֆորմ կդառնա բոլոր հարցերը քննարկելու համար»։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին
«Մենք սառեցրել ենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը և այս փուլում դա համարում ենք բավարար։ «Այս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին մենք այլ որոշում չենք կայացնի», – ասաց Նիկոլ Փաշինյանը»։
Ասուլիսն ուղիղ եթերով՝ այստեղ։

