Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Աշոտ Կնյազյանը
«Փաստինֆո»-ն գրում է․
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը։
ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ ցմահ դատապարտյալ է մահացել։
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- նշեցին ՔԿԾ-ից։
Նախնական տեղեկություններով՝ Կնյազյանը հանկարծամահ է եղել։
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

