Ավտովթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստանալու
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ավելի ուշ Ֆիոլետովո գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ ողբերգական ավտովթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի։
«Վալերին, իր կինը ու ևս 2 բարեկամ որոշել էին գնալ հանգստանալու, բայց տեղյակ չեմ, թե որտեղ ու գյուղից մոտ 100 մետր հեռու տեղի է ունեցել ավտովթարը։ Ասում են՝ բարձր արագությամբ է վարել ավտոմեքենան, դա էլ նման ողբերգության է հանգեցրել։ Մեքենայում բոլոր գտնվողները մահացել են։ Վալերին մեր դպրոցի նախկին տնօրեն էր, կինն էլ դպրոցում ուսուցչուհի էր աշխատում»,- պատմեց բնակիչը։