Ֆրանսիայում ակտիվացել են COP29-ը բոյկոտելու կոչերը․ «կանաչ և խաղաղասեր» Ադրբեջանը նեղսրտել է
Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին (COP29) ընդառաջ, անցած շաբաթ Լաչինում կայացած շնորհանդեսին, որի ընթացքում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը և COP29-ի գլխավոր գործադիր տնօրենը ներկայացրել է աշնանը կայանալիք միջոցառման նպատակներն ու անելիքները, մասնակցել են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, այդ թվում՝ ռազմական կցորդներ։
Փոխնախարարը «լավ նշան» է գնահատել Հայաստանի այն քայլը, որի շնորհիվ միջոցառումն անցկացվում է Բաքվում։ Ընդհանրապես, Ադրբեջանում նմանատիպ հայտարարություններ հաճախ են հնչեցնում 2-րդ կամ 3-րդ էշելոնի պաշտոնյաները՝ նպատակ ունենալով միջազգային հանրության աչքերում ամրագրել իրենց «խաղաղասիրությունը»՝ «կանաչ» երկրի հեղինակություն ձեռք բերելուն զուգահեռ։
Նրա խոսքով, Ադրբեջանում COP29-ի անցկացման որոշումը հնարավոր է դարձել ողջ միջազգային հանրության աջակցությամբ, որ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք կլիմայի գլոբալ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ են իրականացման գործիքներ: Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Արցախը և Արևելյան Զանգեզուրը հայտարարվել են «կանաչ էներգիայի գոտի», որը հանդիսանում է կանաչ տեխնոլոգիաների փորձադաշտ, ու այդ ամենը հաջողելու պարագայում՝ դա կկիրառվի նաև Ադրբեջանի այլ շրջաններում։
Ադրբեջանական մամուլի աչքից չվրիպեց նաև Օ Դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Քսավյե Բերտրանի կոչը և Փարիզի քաղաքային խորհուրդը որոշումը Ադրբեջանի կողմից Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը բոյկոտելու մասին: Բերտրանն իր կոչում շեշտել էր, որ «Ադրբեջանն աջակցում է խռովություններին Նոր Կալեդոնիայում, որին դուր չի գալիս, որ Ֆրանսիան Հայաստանի հետ միասին պայքարում է Հայաստանի պաշտպանության համար։ Նրանք պետք է պատասխան տան իրենց արարքների համար։ Այն, ինչ կատարվում է Նոր Կալեդոնիայում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, պետք է ստիպի մեզ ասել, որ Ֆրանսիան չի մասնակցի Բաքվի այս COP29-ին»։ Բնական է, որ ադրբեջանական ԶԼՄ-երն իրենց հերթին մեղադրել են Ֆրանսիային Հարավային Կովկասում «խաղաղությանը չնպաստող քայլեր» ձեռնարկելու մեջ, հիշեցրել վերջին տարիներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հանրային բողոքի ալիքների մասին՝ ընդգծելով, որ դա ցույց է տալիս ներքին քաղաքականությունում նրա ակնհայտ սխալները և բացթողումները, ինչպես նաև Արցախի հարցում՝ Ֆրանսիայի անդադար աջակցության մասին։ Եվ հոդվածներից մեկն ավարտվում է այսպիսի հռետորական հարցով «որպես բալ տորթի վրա, պե՞տք է հավատալ, որ Ֆրանսիան փող չունի կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, բայց դեռ ունի՝ Հայաստանին օգնելու համար»:
Ի դեպ՝ Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալությունը նույնպես սկսել է ակտիվ աշխատանքները՝ զբոսաշրջության ոլորտը COP29-ին լիարժեք պատրաստության բերելու համար: Ստուգվել են Բաքվի և Սումգայիթի ավելի քան 300 հյուրանոցային և հյուրատնային օբյեկտներ, որոնցից մոտ 200-ը ստացել են աստղային վարկանիշներ, իսկ 40-ին ժամկետներ են տրվել թերությունները շտկելու համար։ Ադրբեջանում COP29-ի անկացման օրերին սպասում են մոտ 80 հազար հյուրի այցելություն՝ մեծ ակնկալիքներ ձևավորելով հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսի համար։

