Ուկրաինայի զինված ուժերի օդաչուների առաջին խումբն ԱՄՆ-ում ավարտել է F- 16-երի կառավարման ուսուցումը

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է ԱՄՆ Արիզոնայի նահանգում ամերիկյան F-16 կործանիչների կառավարման ուսուցումը: Այս մասին հայտնել է Politico-ն։

Ըստ հրապարակման՝ Արիզոնայի ազգային գվարդիայի մամուլի քարտուղար կապիտան Էրին Հանիգանը հայտնել է, որ օդաչուները վերապատրաստում են անցել Տուկսոնում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի 162-րդ բազայում։ Նա չի հստակեցրել բազայում ուսուցում անցած ուկրաինացի զինվորականների թիվը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ուսուցումն ավարտելը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-եր դուրս բերելու ճանապարհին, ընդգծել է Հանիգանը։

Politico-ի աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուկրաինացի օդաչուներն այժմ ուղևորվում են Եվրոպա՝ լրացուցիչ վերապատրաստման համար։

Ակնկալվում է, որ Ուկրաինան կարող է ստանալ ավելի քան 60 F-16 կործանիչներ Նորվեգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Բելգիայից։