Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երևանում:

Նա նախօրեին հայտարարել էր, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլն։

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում տեղի են ունենում անհնազանդության և իրազեկման ակցիաներ, քաղաքացիներն աղբամաններով փակում են փողոցները՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկացմամբ,  ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։