Ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները․ այսօր դա հասկացել է նաև Փաշինյանը․ կարծում է Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է։

Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։

«Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները։ Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հիմնվել հորինված պատմությունների վրա, որոնք կապ չունեն իրականության հետ։ Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Իրաքից վերադառնալիս լրագրողներին ասել է թուրք առաջնորդը:

Նրա խոսքով՝ պատմաբաններն առաջինն են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։

Էրդողանն ակնարկում է մարդկության պատմության մեջ կատարված առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի փաստը, երբ Թուրքիան 20-րդ դարի սկզբին պետական մակարդակով, նպատակային ցեղասպանության ենթարկեց ավելի քան 1.5 մլն հայի։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է։