ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած դեր ստանձնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու գործում. Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը  նպաստելու գործում։

Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նա ասել է, որ ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ այս խնդրի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։

«Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրեց, որ պետք է երկխոսություն լինի նրանց միջև։ Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպումների մասին»,-հավելել է Միլլերը: