Ոչ թե նոր վտանգի գաղափար կար, այլ ռեժիմի մեղմացում. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

Ցանկացած պարագայում ամենավտանգավոր բանը տեղեկատվությունը կիսատ-պռատ ներկայացնելն է. ԱՄՆ-ը տարբեր երկրներում համապատասխան security alert-ներ են տալիս և եթե ուշադրություն դարձնեք նախորդիվ տված alert-ներին, սա ռեժիմի մեղմացում էր որոշակի տարածքների համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը,  որով կոչ էր արվում իր քաղաքացիներին՝ չայցելել սահմանամերձ որոշակի տարածքներ:

«Ոչ թե ինչ-որ նոր վտանգի գաղափար կար, այլ ընդհակառակը՝ ռեժիմի դյուրացում կար որոշակի հատվածների վերաբերյալ: Այսպիսի հայտարարություններ պարբերաբար արվում է ԱՄՆ դեսպանության կողմից, պարզապես պետք է համադրել նախորդիվ արվածի հետ: Շատ քաղաքացիներ դիմում են ինձ այս հարցով, երևի թե այստեղ կոմունիկացիան շատ ավելի կարևոր է, որ մենք հստակ հասկանանք, որ սա սովորական պրակտիկա է: Մենք չենք հետևում, բայց եվրոպական երկրների հետ կապված էլ շատ դեպքերում նման հայտարարություններ լինում են: Օրինակ, ասվում է՝ խուսափեք լինել այս քաղաքում, որովհետև այնտեղ նախատեսվում են հանրահավաքներ կամ գործադուլներ: Սա տարածված պրակտիկա է: Բայց քանի որ մեզ մոտ շատ զգայուն է ցանկացած անվտանգային հարց, այս հարցն էլ զգայուն է ընկալվում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: