Սթափվե՛ք, պարոնա՛յք․ որ արջի ծառայություն մատուցելով՝ Ալիևի ձեռքին գործիք չմնաք

Հունվարի 23-ին «Հայելի» մամուլի ակումբում Էդգար Ղազարյանն անդրադառնալով այսօր գեներացվող հերթական՝ «Սերժն է բերել Նիկոլին» կեղծ թեզին, որակեց այն հոգեբանական բարդույթ։ Ղազարյանի խոսքով՝ 2018-ին լինելով դեսպան հեռվից հետևել է հայաստանյան զարգացումներին և տեսել, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել իշխանության դեմ պայքարի։ Բայց այսօր այդ մարդիկ տեսնում են, «թե ինչ զուլում են բերել իրենք իրենց գլխին, իրենք մեղք են զգում այդ կատարվածի մեջ, ու որպեսզի էդ մեղքը իրենց վերաբերելի չլինի, ասում են՝ Նիկոլին Սորոսն է բերել, ամերիկացիներն են բերել, ռուսներն են բերել, Սերժ Սարգսյանն է, ով ում չի սիրում, ասում է, էն ա բերել։ Չէ, այ եղբայր, դուք եք բերել։ Հիմա լավ է, որ հասկացել եք՝ ինչ է եղել, դրա լուծման ձևը ոչ թե այն է, որ քննարկեք՝ ով է բերել, այլ որ ամեն մեկը հասկանա, որ բերելը մարդու մասնակցությամբ է լինում, միասնական պայքարով դուրս գան, ոնց բերել են, տենց էլ ճամփեն։ 2018-ին ով դուրս է եկել փողոց, թող ճամփի»։

Ղազարյանը ցավով նկատեց, որ մի մասը, ավաղ, այլևս չկա, նրանք հանգչում են Եռաբլուրում։ Այդ մարդիկ դարձել են խաբեության, շառլատանության զոհ։ Ինչ վերաբերում է այն կեղծ թեզին, թե բա ՀՀԿ-ն ձայն է տվել ԱԺ-ում և բերել Փաշինյանին, Էդգար Ղազարյանն ընդգծեց․

«2018 թ․ մայիսի 2-ին, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինանի թեկնածությունն առաջադրվել է, առաջադրումն իրականացրել է ԵԼՔ դաշինքը, որի խմբակցության ղեկավարն եղել է Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետական կուսակցության խմբակցությունը միաձայն դեմ է քվեարկել, բացառությամբ Ֆելիքս Ցոլակյանի։ Որպեսզի դրանից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրվեր, այլևս մեկ խմբակցություն չէր կարող, պիտի պատգամավորների 1/3-ը առաջադրեր, առաջադրումն իրականացրել են ԵԼՔ դաշինքը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Եթե դրանք չառաջադրեին, նույնիսկ չէր առաջադրվի դրա թեկնածությունը, որպեսզի քվեարկեն։ Առաջադրումից հետո էլ ՀՀԿ-ն ոչ թե թողել է բաց, այլ կուսակցության որոշում են կայացրել՝ անհրաժեշտ թվով ձայներ տան, որպեսզի նա ընտրվի վարչապետ, որովհետև փողոցում կար հանրային ճնշում՝ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն որ աջակցել են, նրանք էլ իրենց քաղաքական կամքով չեն արել, նրանք մի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանին ընտրել էին վարչապետ՝ նույն էդ քաղաքական ուժերը։ Հանրային ճնշման ներքո են գնացել էդ քայլին»։

Գուցե շատերն են մոռացել կամ գուցե դիտավորությամբ չեն ուզում հիշել, թե ինչ էր կատարվում 2018-ին, ինչպես էր իրեն պահում Փաշինյանը, ինչպիսի ոտնձգություններ էին իրականացնում պետական պահպանության օբյեկտների վրա, ինչպես էր մատ թափ տալիս Հայաստանի վրա և ասում, որ եթե ինքը չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա, և այդ ամենից հետո ինչպես վարվեց Սերժ Սարգսյանը, ով ինչպես հետագայում իր հարցազրույցում ազնվորեն խոստովանեց, որ երբեք չէր կարող կանանց և մանկահասակ երեխաների դեմ ուժի կիրառման հրաման տալ, որոնց ի դեպ, բավականին հմուտ ձևով օգտագործում էին «հեղափոխականները», և որ նա պարտվել է ավելի հզոր ուժերի։ Այդ իսկ պատճառով Սարգսյանն իր հրաժարականի տեքստում շատ պարզ և լակոնիկ պարզաբանել է՝ ինչու է զիջում իր տեղը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

Այսօր, երբ Հայոց աշխարհը «հեղափոխության» և «հեղափոխականների» հետևանքով կորցրել է իր պետականություններից մեկը՝ Արցախի Հանրապետությունը, և կանգնած է իր վերջին մասնիկի՝ Հայաստանի Հանրապետության կորստի առաջ, քանզի Նիկոլ Փաշինյանը տուրք է տալիս Ալիևի ախորժակին և ի թիվս նրա այլ պահանջների, բավարարում է նաև ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, որոշ ուժեր և անհատներ զբաղված են արջի ծառայություն մատուցելով՝ փորձելով խեղաթյուրել իրականությունն ու մեղավոր կարգել նրանց, ում հենց իրենք էին մերժում՝ մտածված, թե անմտաց։

Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ այսօր Հարենիքի կորստի վտանգը թողած՝ շատերը լծված են անձնական շահն առաջ մղելու կամ «պատվերով համերգ» տալու գործին։ Սրանք մտահոգիչ հարցեր են, որոնց պատասխանները տողերիս հեղինակը փորձեց պարզել հոգեբաններից, նաև,  թե ինչ կատարվեց 2018-ին, ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը։

Հոգեբանի խոսքով՝ հասարակության մեջ կարծիք կար, թե գործող իշխանությունների վարած քաղաքականությունը ազգասիրական չէր, բոլոր խավերի համար հավասար չէր, կեղեքիչ էր։ Եկան մի խումբ մարդիկ ու ասացին․ «Սա քո երկիրն է, դու ես քո երկրի տերը, դու ես որոշում կայացնողը։ Ազատվիր քեզ հալածողներից ու թալանողներից»: Հասարակությանն էլ նման մի գաղափար էր պետք միավորվելու «իրենց հալածող ուժի դեմ»։ Եվ բոլոր նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի տուժել էին նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից՝ միավորվեցին։ Այսինքն՝ ոչ թե միավորվեցին ներկա իշխանության մեծ գաղափարների շուրջ, այլ նախկին իշխանության դեմ։

Կային հասարակ մարդիկ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ, որոնք ուզում էին մեր երկիրը ավելի ուժեղ ու հզոր տեսնել, նրանք տեսան շանս ու դրա համար միավորվեցին հեղափոխությանը։ Երբ հեղափոխությունից նրանց սպասելիքները չարդարացան, ու նրանք տեսան, թե ինչպես է մեր հայրենիքը տուժում իշխանության եկածների վարած քաղաքականությունից, ինչ կորուստներ ենք ունենում օր օրի, ընդունեցին իրենց սխալը, ու շատերը անցան հակառակ կողմը։ Կային նաև նրանք, որոնք խրոնիկապես նեղացած էին նախկին իշխանությունից կամ պաշտոններ զբաղեցնելու մեծ ցանկություն ունեին, հասկացան, որ իրենց համար սա հնարավորություն է։ Սա նեղ էգոիստական քայլ էր, նրանք ազգային շահի մասին չէին մտածում։

Ովքեր ստացան իրենց ուզածը, մնացին «հեղափոխության անձրևանոցի տակ» ու շարունակում են նույն կերպ մտածել։ Ովքեր չստացան, ծպտվեցին կամ հակառակվեցին՝ սպասելով հաջորդ հնարավորությանը իրենց անձնական, ոչ թե ազգային, ոչ թե պետականամետ շահը բավարարելու։

Մարդկանց մի խումբ էլ «հավատարիմ» է իրենց ասածներին ու, քանի որ հետևում են այն լրատվամիջոցներին, որոնք հաստատում են իրենց մտքերը՝ այդպիսով սնելով իրենց հավատը։ Նրանք չեն էլ փորձում որևէ այլ գաղափար կամ տեսանկյուն դիտարկել։ Հոգեբանորեն կախյալ մարդիկ են նրանք։ Ինչպես թմրամոլին, խաղամոլին կամ այլ մոլուցք ունեցողին է դժվար ընդունել, որ ինքը սխալ ճանապարհ է ընտրել, ինչպես նրանց կանանց կամ ընտանիքի մյուս անդամներին է դժվար հասկանալ, որ իրենք համակախյալ վիճակում են ու պետք չի իր կյանքը զոհաբերել ոչ առողջ մտածողություն ունեցող մարդուն, այնպես էլ մարդկանց այդ զանգվածին է դժվար կարծիք փոխել»։

Ինչ վերաբերում է այսօր մեր հասարակության մեջ տեղ գտած այն վտանգավոր բարդույթին, թե սեփական մասնակցությունն ուրանալով, մեղադրում են այլոց՝ կորուստների մեջ, հոգեբանն այսպես ձևակերպեց․

«Մեր ուղեղը մի շարք պաշտպանական մեխանիզմներ ունի՝ բացասական էմոցիաներից մեզ ազատելու համար։ Մեղավոր զգալը շատ տհաճ զգացողություն է, այդ իսկ պատճառով մի ստվար զանգված մեղադրում է այս կամ այն քաղաքական ուժերին կամ գործիչներին, իրենց մեղավոր չզգալու համար։ Ամեն մեկս մեր արարքներով և անգործությամբ է պատասխանատու և հեղափոխության, և ներկա կորուստների համար։ Չէ՞ որ ամեն մեկս ջրի մի կաթիլ է ու այդ կաթիլներից է օվկիանոսը գոյանում։ Օվկիանոսի մեջ ապրող կենդանիներն էլ են այդ օվկիանոսի ծավալը ապահովում, եթե բույսերին ու կենդանիներին հանենք, օվկիանոսի ծավալը զգալի կպակասի։ Հիմա ի՞նչ, ջո՞ւրն է միայն օվկիանոսը: Եթե ես ջուր չեմ, օվկիանոսի մա՞ս չեմ։ Եթե չեմ վերցնում իմ վրա պատասխանատվության իմ բաժինը, ես չեմ դադարում մեղավոր լինել։ Այդպիսով ես ինձ անգործության եմ մատնում։ Մի՞թե իրեն մեղավոր չճանաչող մարդը հետևյալ ձևով չի մտածում` «Ով մեղավոր է, թող նա էլ պատասխան տա, կամ շտկի իրավիճակը» ու իրեն անգործության չի մատնում։ Մեկմեկու մեղավոր համարելը ձեռնտու է մեր թշնամիներին. Եթե ուզում ես քանդել երկիրը, իրար դեմ տրամադրիր։ Համախմբվել է պետք մեզ, նպատակներ սահմանել ու գործի անցնել»։

Թշնամական թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր գործում է «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով, որը նույնիսկ չի էլ թաքցնում։ Այդ ամենը հստակ գրված է Մուսթաֆա Քեմալի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքում և բացեիբաց հայտարարում են Ալիևն ու Էրդողանը՝ ռևանշիստներ անվանելով ՀՀ նախկին նախագահներին և անմիջապես նեղսրտելով և Բաքվից հրահանգներ իջեցնելով այն պարագաներում, երբ ՀՀ-ում բողոքի հզոր ալիք է բարձրանում։ Այս պարագայում, երբ վտանգված է ՀՀ գոյությունն ու հայի ինքնությունը, մենք իրավունք չունենք տուրք տալ այլոց շահերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ուղղորդվում են Ադրբեջանի բռնապետի կողմից, և ինչպես Էդգար Ղազարյանն է նշում․

«Հիմա ազնիվ են բոլոր էն մարդիկ, ովքեր զգալով, թե ինչ սխալ են թույլ տվել, դուրս են եկել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի։ Անազնիվ են բոլոր նրանք, ովքեր իրենց մեղքն ընդունելու, պայքար տանելու փոխարեն, պառակտում են մտցնում էն մարդկանց մեջ, ովքեր էդ պայքարը տանում են»։

Սթափվեք, պարոնայք, որ Ալիևի ձեռքին գործիք չմնաք։

Ժաննա Ծառուկյան