Թուրքմենստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ադրբեջան

Թուրքմենստանն ու Ադրբեջանը չեն կարողացել պայմանավորվել 2024 թվականին Իրանի մասնակցությամբ սվոպ գազի մատակարարումների շարունակման շուրջ։ Կողմերը չեն պայմանավորվել գնի շուրջ: Ըստ turkmen.news-ի  աղբյուրների՝ հազար խորանարդ մետրի համար 135-140 դոլար արժեքը Թուրքմենստանին ծիծաղելի է թվում։

Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ մատակարարումները դադարեցվել են որոշակի «խնդրի» պատճառով, որի լուծումը Ադրբեջանը քննարկում է Թուրքմենստանի հետ։ Ինչպես հաղորդում է Trend-ը, խոսքը գնում է «առևտրային պայմանների և օրական ճշգրիտ ծավալների» մասին։

Turkmen.news-ի աղբյուրները պարզաբանում են, որ այս ձևակերպումն առաջին հերթին նշանակում է գին։

«Հազար խորանարդ մետրի համար 135-140 դոլար արժեքը բորսայում գնանշված գների համեմատ ծիծաղելի է։ Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը հետագայում թուրքմենական գազն արտասահանում և վերավաճառում  է կրկնակի թանկ գնով»,- պարզաբանում է աղբյուրը։

Երկրորդ պատճառը Թուրքմենստանում գազի ազատ ծավալների բացակայությունն է՝ ներքին կարիքների ավելացման պատճառով։ Սա համընկնում է համակարգային խնդրի հետ. «Թուրքմենգազը», օտարերկրացիների հետ գործարքներ կնքելիս, միշտ գերագնահատում է գազի առկա ծավալները։ Եթե այդ խարդախությունները ի հայտ գան, ապա օտարերկրյա առևտրականները, որոնք արդեն չեն վստահում իրենց թուրքմեն գործընկերներին, կսկսեն ընդհանրապես հրաժարվել համագործակցությունից։