Գրանադայի հանդիպումից Ադրբեջանի նախագահի հրաժարվելը արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր. Փաշինյան
Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում։ Հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։ Այդ մասին Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը։
«Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում»,- նշել է Փաշինյանը։
«Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը կապված չէր այլ հանգամանքների հետ, դա արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր։

