Արդեն մշակված է ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին: Այս մասին տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ գործունեություն:

«Դուք Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել եք նաեւ 2010-2014 թվականներին, եւ սա Ձեզ համար գործունեության նոր ոլորտ չէ: Վստահ եմ՝ այս փուլում եւս թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ ընդհանրապես բուհական համակարգի համար ձեռքբերումների շրջան կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է, որ « ՀՀ կրթության զարգացման՝ մինչեւ 2030 թվականի պետական ծրագրի» շրջանակում ներկայում Կառավարությունն իրականացնում է կրթական լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարեւորել է համալսարանների հետ համագործակցությունը:

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները եւ իր հերթին պատրաստակամություն հայտնել աջակցել կրթական բարեփոխումներին՝ կարեւորելով ընթացող բարեփոխումների հետ համահունչ լինելու ՀԱՀ որդեգրած մոտեցումը։

Ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվել են նաեւ ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայից ժամանած ճարտարապետական ընկերության մասնագետները, արդեն մշակված է ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: