Էրդողանն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել «զսպվածություն» ցուցաբերել

Թուրքիան իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Իսրայելում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն։

«Մենք կողմերին կոչ ենք անում զուսպ գործել՝ հաշվի առնելով այսօր առավոտյան Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կսրեն լարվածությունը», – ասել է Էրդողանը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) 4-րդ արտահերթ համագումարում։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի ընդդիմանալ Ալ-Աքսա մզկիթի վրա հարձակման ցանկացած փորձի։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Բացի այդ, խմբավորման զինյալները մտել են Իսրայելի տարածք։ Երկու կողմից էլ կան զոհեր։ Կռիվը շարունակվում է։