Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի և ամոթալի՝ Եվրոպայի համար. Ֆրանսուա Օլանդ
Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի և ամոթալի՝ Եվրոպայի համար։ Եկել է վճռականորեն և համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ նրա սահմանները սրբազան են։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Նախագահ եղած ժամանակ ես մասնակցել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը գտնելու միջնորդական ջանքերին։ Այդ փորձը ստիպում է ինձ նախազգուշացում անել. արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեն հայերին»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ Հայաստանից երես թեքելով՝ Ռուսաստանը մի քանի նպատակներ է հետապնդում. «Նախ՝ դա թույլ կտա Պուտինին չեզոքացնել Էրդողանին, որի դերը մեծացել է Ուկրաինա ներխուժումից հետո։ Երկրորդ՝ դաշն կնքել Ադրբեջանի հետ գազի հարցում։ Երրորդ՝ պատժել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա հեռացել է Մոսկվայից և մոտեցել Եվրոպային։ Այդ ցինիկ շրջադարձի արդյունքը ահավոր է հումանիտար մակարդակով։ 120 000 արցախահայեր հուսահատ փորձում են փախչել իրենց հայրենիք, և նրանց ճնշող մեծամասնությունը արդեն գնացել է այնտեղ։ Մյուսները քաղցում են, նրանց հետապնդում են և սպառնում։ Նրանց տները լքված են կամ այրված, նրանց եկեղեցիները՝ ավերված։ Շարունակվում է էթնիկ զտումը։ Կա նրանցից շատերի կյանքի վտանգ… Բայց ամենավատն առջևում է, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է տուժել»։
«Այս ամենին նպաստում է Վլադիմիր Պուտինը. անհաջողություն կրելով Ուկրաինայում՝ նա մտադիր է ռևանշ վերցնել Կովկասում։ Նա լի է վճռականությամբ՝ ցույց տալու, որ Հայաստանն առանց Ռուսաստանի վերահսկման վտանգում է անհետանալ։ Էրդողանը, որը չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, Ադրբեջանին դրդում է գնալ որքան հնարավոր է հեռու իր գործողությունում։
Ինչ վերաբերում է եվրոպացիներին, նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն մատակարարումների նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան են անում Ուկրաինային օգնելու համար, բայց կարող են համարել, որ Կովկասն իրենցից չափազանց հեռու է։
Ուստի, եկել է վճռականորեն և համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ Հայաստանի սահմանները սրբազան են, և դրանք պետք է երաշխավորված լինեն։ Ֆրանսիան պետք է լինի առաջնագծում»։

